Thursday, 23 June 2011

«Փաստորեն, մեր երկրում կար արտահայտվելու կարիք». իմ հարցազրույցը «Հետքին»



Քաղաքացիները եւ լրագրողներն ի՞նչ խնդիրների են բախվում խոսքի եւ մամուլի ազատության ասպարեզում: Ի՞նչ դեր կարող են խաղալ միջազգային կազմակերպությունները Հայաստանում խոսքի եւ մամուլի ազատության ապահովման գործում:

Խնդիրներից մեկն այն է, որ չկա վստահություն դատական համակարգի հանդեպ: Եվ, եթե լրագրողը գրում է կարծիք կամ մեկնաբանություն, ապա չկա երաշխիք, որ նրան իր կարծիքի համար չեն «պատժի» դատարանի միջոցով, որ լրագրողը ստիպված չի լինի որեւէ պաշտոնյայի հսկայական տուգանք վճարել: Երկրորդ խնդիրը ինքնագրաքննությունն է: Ուղղակի գրաքննություն չկա, բայց լրագրողը երբեմն ինքն իրեն է զսպում, որ խուսափի ինչ-որ բաներ հրապարակելուց` գուցե մտավախություն ունենալով, որ դրանից հետո կունենա խնդիրներ, օրինակ` այն խնդիրը, որի մասին արդեն նշեցի:

Քաղաքացիներն ունեն խոսքի ազատության իրավունքի իրացման տեխնիկական միջոցների հետ կապված խնդիրներ: Ոմանք իրենց խնդիրը բարձրաձայնելու համար դիմում են լրագրողներին, մյուսները գրանցվում են «Facebook» սոցիալական ցանցում եւ փորձում են այդ ճանապարհով արտահայտել դիրքորոշումներ, կարծիքներ, մասնակցում են հարցերի քննարկմանը: Բլոգները նույնպես խոսքի ազատության հարթակ են: Ես ինքս ունեմ իմ բլոգը: Եթե անգամ լրագրողական միջավայրում կա ինքնագրաքննություն, գոնե բլոգները պետք է այդ բացը լրացնեն:

Ես չեմ խոսում խոսքի ազատության արդյունավետության մասին, այլ ընդամենը` իրավունքի իրացման հնարավորության մասին, եւ այսօր մեր իրականության մեջ, գոնե ինտերնետ միջավայրում, դա կա: Քաղաքացիները նաեւ իրենց ասելիքը ճիշտ ձեւակերպելու, ինտերնետային միջավայրում հաղորդագրություն ձեւակերպելու խնդիր ունեն: Բլոգներում, սոցիալական ցանցերում գրելու համար պետք է տիրապետել որոշակի հմտությունների:

Լավ կլիներ, որ միջազգային կազմակերպությունները Հայաստանում ոչ մի դերակատարում էլ չունենային, բայց մյուս կողմից էլ նրանք կարող էին խթանել խոսքի ազատության զարգացումը, եթե սկզբունքային լինեին իրենց դիրքորոշումներում: Իրենք կարող էին իրենց սկզբունքայնությամբ մեծապես օգնել այս դաշտին, բայց, որպես այս երկրի քաղաքացի, բլոգեր եւ լրագրող, ես չեմ տեսնում, որ նրանք սկզբունքային են: Մի օր մի բան են ասում, մյուս օրն` այլ բան:

Հայաստանում ինչպե՞ս է զարգանում այսպես կոչված քաղաքացիական լրագրությունը (բլոգերներ, սոցիալական ցանցերի ակտիվիստներ), եւ այս պայմաններում ինչպիսի՞ն է բնակչության վստահության մակարդակը ավանդական ԶԼՄ-ի նկատմամբ:

Վերջին մեկ-երկու տարիների ընթացքում «Facebook» սոցիալական ցանցում կազմավորվեցին բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնություններ: Այսօր ցանցային ակտիվիստներին երբեմն հաջողվում է կասեցնել որոշակի ապօրինություններ, ազդել օրենքի փոփոխությունների վրա, փոխել դատական պրոցեսի ընթացքը եւ այլն: Այդպիսի նախաձեռնություններից են` «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին», «Փրկենք Կաթողիկեն» եւ այլն: Մեկ ամիս առաջ «Facebook» սոցիալական ցանցը Հայաստանում ուներ 140 հազար օգտագործող, այս պահին նրանց թիվը հասել է 170 հազարի, ու աճը դեռ շարունակվում է:

Մարդիկ տարածում են տեղեկություններ, կազմակերպվում են որոշակի սոցիալական խնդրի լուծման համար, քննարկում ու բանավիճում են: Հետաքրքիր է, որ այս ցանցի ստեղծողները բացարձակ նպատակ չունեին խթանել քաղաքացիական հասարակության ակտիվությունը. նրանց նպատակը շփման միջավայր ստեղծելը եւ գովազդի միջոցով գումար վաստակելն էր: Բայց, փաստորեն, մեր երկրում կար արտահայտվելու կարիք, եւ մարդիկ շատ արագ սկսեցին գրանցվել: Մարդիկ նոր հեռախոսներ են գնում, դրանցով միանում են ինտերնետին, նկարահանում են ու հաղորդում տեղեկություններ:

1-2 տարի հետո մենք շատ հետաքրքիր արդյունքներ եւ զարգացումներ կարող ենք գրանցել այս ոլորտում: Արդեն նույնիսկ կան հայտնի, ազդեցություն ունեցող ցանցային անձնավորություններ, որոնք կարծիքների գեներատորներ են: Ես տեսնում եմ նաեւ, որ շարժ կա սոցիալական ցանցերից դեպի լրատվամիջոցներ եւ հակառակը` լրատվամիջոցներից դեպի սոցիալական ցանցեր: Այս կապը երկու միջավայրն էլ հարստացնում է տեղեկություններով եւ կարծիքներով: Այն հանգամանքը, որ նախագահը եւ վարչապետը բլոգ ունեն, նույնպես մարդկանց բերում է ցանց: «Facebook»-ն ազդեցիկ դարձավ նաեւ այն պատճառով, որ Հայ ազգային կոնգրեսն իր հանրահավաքներից մեկի ժամանակ ողջունեց «Facebook»-ում իր հետեւորդներին: Ես ուրախացա այդ հայտարարությունից, որովհետեւ այդ կոչը ցանց բերեց մարդկանց: Իհարկե, այդ մարդիկ ցանցում քարոզում են իրենց քաղաքական դիրքորոշումը, բայց նաեւ անխուսափելիորեն ներգրավվում են նաեւ քաղաքացիական ակտիվության մեջ:

Ինչ վերաբերում է բնակչության վստահությանը ավանդական ԶԼՄ-ների հանդեպ, ապա կարծում եմ, որ նրանք շատ լավ տեսնում են տարբերությունը իրականության եւ հեռուստատեսությամբ ցուցադրվածի միջեւ եւ անում են իրենց հետեւությունները:

No comments:

Post a Comment