Thursday 27 January 2011

ՀԱԿ-ը դատապարտում է հայաստանյան թերթերի դեմ դատական գործերի հարուցումը

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Հայաստանում «իշխանության կողմից չվերահսկվող» թերթերի դեմ հարուցված դատական գործերի վրա:


Հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ, ՀԱԿ-ը, մասնավորապես, փաստում է. - «Այս պահին դատարաններում քննվում են «Հայկական ժամանակ», «Ժամանակ» եւ «Առավոտ» թերթերի նկատմամբ «բարոյական վնասների» ֆինանսական փոխհատուցման ընդհանուր հաշվով մոտ 20 միլիոն դրամի հայցեր»։

Պնդելով, որ հիշյալ թերթերի նկատմամբ հայցերն «ակնհայտորեն ապօրինի են», Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ Հայաստանում այլընտրանքային տեղեկատվություն ստանալու իրավունքը սահմանափակված է հեռուստատեսային բոլոր ալիքների նկատմամբ հաստատված «փաստացի կոշտ գրաքննության» արդյունքում։ Ըստ այդմ, ՀԱԿ-ը թերթերի դեմ գործերի հարուցումը համարում է իշխանությունների կողմից նախաձեռնված քայլ` որի նպատական է սնանկացման միջոցով վերացնել կամ դրա սպառնալիքով կաշկանդել ազատ մամուլը:

«Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է մամուլի դեմ ակնհայտորեն մեկ կենտրոնից կազմակերպված այս արշավանքը, հույս է հայտնում, որ այն կարժանանա միջազգային պատկան կառույցների, մասնավորապես ԵԽԽՎ-ի, ԺՄԻԳ-ի, Հայաստանում ԵՄ երկրների դեսպանների, ԱՄՆ-ի ուշադրությունը», - ասված է հայտարարության մեջ:

Հայ ազգային կոնգրեսը հավելում է. - «Մեր մասնավոր տարակուսանքն ենք հայտնում նաեւ ԱՄՆ կառավարության կողմից ժողովրդավարության զարգացման համար Հայաստանին 45,5 միլիոն դոլար հատկացնելու փաստի առիթով, քանզի, ինչպես ցույց է տալիս Հայաստանի վերջին 10 տարիների փորձը, ժողովրդավարական իրավիճակը ոչ լեգիտիմ իշխանության պայմաններում հետեւողականորեն վատանում է եւ այդ վատացումը գուցեեւ ուղիղ համեմատական է այդ նպատակով հատկացված գումարի չափին»:

Labels: , ,

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home