Friday 15 July 2011

Տեղեկություն չտրամադրելու «սեւ ցուցակում» երեք նախարար է հայտնվել

Վեց պաշտոնյա, այդ թվում` երեք նախարար է ընդգրկվել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) այս տարվա երկրորդ եռամսյակում կազմած «սեւ ցուցակում»: 


Տեղեկություններ չտրամադրելու «սեւ ցուցակում» հայտնված Տրանսպորտի եւ կապի, Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների նախարարները խախտել են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը եւ անպատասխան են թողել քաղաքացիների տեղեկություններ ստանալու հարցումները:

Մյուս երեք պաշտոնյաները Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետն է, «Համալսարանականներ» համատիրության նախագահը եւ «ՀայՓոստ»-ի արդեն նախկին գլխավոր գործադիր տնօրենը:

ԻԱԿ ղեկավար Շուշան Դոյդոյանը հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե «սեւ ցուցակը» կարող էր ավելի երկար լինել` հասնելով 35-ի, եթե հաշվի առնեին նաեւ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետի խախտումները («Տեղեկատվության ազատության մասին» օրենքով պաշտոնյաները քաղաքացու հարցմանը պարտավոր են պատասխանել 5-օրյա ժամկետում):

«Ժամկետներ խախտում են բոլորը` առանձին բացառություններով: Շատ հնարավոր է, որ մենք առաջիկա եռամսյակում արդեն կսկսենք ընդգրկել ոչ միայն այն պաշտոնյաներին, ովքեր տեղեկատվություն չեն տալիս, այլ ովքեր ժամկետներ են խախտում», - ասաց Դոյդոյանը:

ԻԱԿ-ը անցած եռամսյակում 120 հարցում է ուղղել պետական տարբեր գերատեսչությունների: Դրանց կեսից ավելին ուղարկվել է քաղաքացիների կողմից: Այս է պատճառը, որ այս տարվա առաջին եռամսյակի համեմատ 16 տոկոսով նվազել է լիարժեք պատասխան ստանալու ցուցանիշը` պետական պաշտոնյաներն անպատասխան են թողել քաղաքացիների հարցումները: Դոյդոյանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ անցած եռամսյակի համեմատ 8 անգամ աճել է անպատասխան հարցումների թիվը: 


Չնայած առկա մտահոգություններին, Դոյդոյանը կարծում է, որ այս ոլորտում դրական տեղաշարժը սպասվածից ավելի է:  Նա օրինակ է բերում Ստեփանավանի քաղաքապետի անցած մայիսի որոշումը:

«Մայիսից սկսած Ստեփանավանի քաղաքապետարանը այլեւս չի տրամադրել մեկ էջ տեղեկատվությունը 500 դրամով», - ասաց Դոյդոյանը:

Ստեփանավանի քաղաքապետը չեղյալ է համարել երկու տարի առաջ քաղաքի ավագանու կայացրած որոշումը, որով 1 էջ տեղեկատվությունը քաղաքացիներին հատկացվում էր 500 դրամ վճարի դիմաց: Օրենքի խախտման դեմ դատարան էր դիմել իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Մինչ դատարանը վերջնական որոշում կկայացներ, հասարական կազմակերպությունների բողոքի արդյունքում քաղաքապետը չեղյալ համարեց որոշումը:

Շուշան Դոյդոյանը կարծում է, որ տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում հիմնական խնդիրը համակարգային մոտեցման բացակայությունն է, եւ տվյալ գերատեսչությունում ներքին հսկողության, ղեկավարի կամքի պարագայում խնդիրը կլուծվի:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը լավատես չէ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, թե պաշտոնյաներն, ըստ էության, «անմեղ» հարցերին են սիրով պատասխանում, իսկ, օրինակ, կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտների վերաբերյալ հարցերը թողնում են անպատասխան:


http://www.azatutyun.am/content/article/24265915.html

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home